Ջոնի Հոնը, Համաշխարհային խմբի նախագահը, հանդիպում է Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչների հետԶարգացման հայկական գործակալությունն ընդունեց Հոնկոնգի գործարար և ընկերությունների համաշխարհային խմբի նախագահ Ջոնի Հոնին:
Ս.թ. դեկտեմբերի 15-17-ը Հայաստանում է գտնվում Հոնկոնգի գործարար և ընկերությունների համաշխարհային խմբի (The Global Group companies) նախագահ Ջոնի Հոնը:
Պարոն Ջոնի Հոնին ուղեկցում են Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը և Ընկերությունների համաշխարհային խմբի փոխնախագահ Քիթ Բենեթը: Պատվիրակությունը ցանկություն էր հայտնել ծանոթանալու ՀՀ ներդրումային դաշտին և Հայաստանի տնտեսության հետևյալ ոլորտներին` հանքարդյունաբերություն, բանկային և հեռահաղորդակցություն:
Այս առիթով Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել էր գործարար հանդիպում, որտեղ պատվիրակությանը առիթ ընձեռվեց հանդիպել համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Բանկերի միության նախագահ պարոն Աշոտ Օսիպյանը, Էներգետիկայի և Բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար պարոն Կարեն Ղահրամանյանը, Ընդերքի տրամադրման գործակալության պետ պարոն Կորյուն Հակոբյանը և Օրանժ Արմենիայի մարկետինգի տնօրեն պարոն Արամ Մկրտչյանը:
Կողմերը քննարկեցին ոլորտների ներդրումային հնարավորությունները և գիտահետազոտական համատեղ ծրագրերը: Ներկայացվեց Հայաստանի ներդրումային դաշտի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն և հյուրերին տրամադրվեցին Հայաստանի տնտեսական ոլորտների վերաբերյալ տեղեկատվական փաթեթներ: