Հայաստանի սննդի արտադրության ոլորտն ունի
բավականին կայուն աճ և արտահանման մեծ հնարավորություններ, որի համար հիմք են հանդիսանում էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքը և կլիմայական բարենպաստ պայմանները:
Ներկայումս գյուղատնտեսության ոլորտը հանդիսանում է երկրի ամենամեծ գործատուն, որին բաժին է ընկնում ՀՆԱ-ի մոտավորապես մեկ քառորրդ մասը:
Հայաստանում աճեցված բանջարեղենը և մրգերը առանձնանում են իրենց համով և քիմիական պարարտանյութերի բացակայությամբ: Հայաստանում աճեցվում է հացահատիկային կուլտուրաներ, նուռ, թուզ, խաղող, ծիրան, դեղձ, կարտոֆիլ, ճակնդեղ, ծխախոտ, բամբակ, խորդենի, անանուխ, ինչպես նաև թեյի հատուկ տեսակներ: Հայաստանյան սննդամթերքի որակի երաշխիք է հանդիսանում սննդամթերքի արտահանման ծավալների աճը:
Սկսած 1995թ.-ից, Հայաստանում իրագործվել են մի շարք ծրագրեր ՀՀ գյուղատնտեսության ոլորտը վերականգնելու ուղղությամբ, որոնցից են “Իրիգացիոն համակարգերի վերականգնումը Հայաստանում” (55.15 մլն. ԱՄՆ դոլլար), “Հյուսիս-արևմտյան շրջաններում գյուղատնտեսական ծառայությունների զարգացում” (13.4 մլն. ԱՄՆ դոլլար), "Օգնության ծրագիր գյուղատնտեսական բարեփոխումների գծով" (5.3 մլն. ԱՄՆ դոլլար), "Ջրամբարների ապահովության ծրագիր" (30.3 մլն. ԱՄՆ դոլլար):
Սննդի արդյունաբերություն
Սկսած 1995թ.-ից սննդի արդյունաբերությունը համարվում է Հայաստանի արդյունաբերության առաջատար ոլորտներից մեկը` կազմելով համախառն արդյունաբերական արտադրանքի 37%-ը: Հայկական մրգերը և բանջարեղենը համարվում են բավականին գրավիչ միջազգային շուկաներում:
Սննդի արդյունաբերության ձեռնարկությունները հիմնականում արտադրում են պահածոյացված մրգեր և բանջարեղեն (մրգահյութ, ջեմեր, տոմատի մածուկ, մարինադ, մանկական սնունդ և այլն); խմիչք (գինի, գարեջուր, շամպայն, հանքային ջուր և այլն); միս և մսամթերք (ապխտած միս, երշիկ և այլն); կաթ և այլ կաթնամթերքի տեսակներ (պանրի տարբեր տեսակներ, թթվասեր, մածուն, յոգուրտ, կաթնաշոռ, պաղպաղակ և այլն); ալյուր և հաց, ինչպես նաև ծխախոտ և սիգարետ:
Հայաստանը հարուստ է բնական աղբյուրներով (մոտ 500 հատ), որոնցից առավել հայտնի են Ջերմուկը, Արզնին, Դիլիջանը, Հանքավանը, Բջնին և Սևանը: Այդ աղբյուրների մոտ 1/5 մասը հետազոտվել է և առաջարկվել որպես խմելու ջուր, իսկ նրանցից 8-ը լիցենզավորվել են արտադրության համար:
Հայկական հանքային ջրերը ունեն բուժիչ հատկություններ և մեծ հնարավորություններ` որպես արտահանման առաջատար ապրանք հանդես գալու: Հանքային ջրերի արտադրության ծավալները վերջին ժամանակներս աճել է մինչև 65%: Ջերմուկում գտնվող ընկերությունները տալիս են տարեկան մոտ 20 միլիոն շիշ արտադրանք: Խոշոր ընկերություններն են "Ջերմուկ Գրուպը" և "Ջերմուկ" ԲԸ-ն, որոնք արտահանում են իրենց արտադրանքը դեպի ԱՊՀ երկրներ, Մերձավոր Արևելք և ԱՄՆ: Մյուս խոշոր արտահանողն է “Բջնի” հանքայի ջրերի գործարանը, որը ՀՁ է Քաստել Գրուպի անդամ BGI-ի հետ (Ֆրանսիա): "Կոկա-կոլա" ընկերությունը նույնպես այս ոլորտում է գործում և արտահանում է տեղական ջուրը` շշալցված, "Բոնաքվա" ֆիրմային անվան տակ:
"Քաստել" ընկերությունը հիմնել է համատեղ ձեռնարկություն` "Կոտայք" գարեջրի արտադրության նպատակով, որը բավականին հաջող սպառվում է ներքին շուկայում, ինչպես նաև` արտահանվում է:
1999թ.-ի նոյեմբերին գարեջրի մեկ այլ արտադրող` "Երևանի գարեջրի գործարանը", 54 այլ երկրների շարքում շահեց "Ոսկե աստղ" մրցանակ Ժնևի գարեջուր արտադրողների մրցույթին:
Հյութերի արտադրությունը Հայաստանում ունի ամենաբարձր աճի տեմպերը: Մի քանի գործարաններ վերջին տարիներին վերանորոգվեցին` տեղադրելով վերամշակման և փաթեթավորման նոր հոսքագծեր: Հայտնի մասնավոր ընկերություններից են "Սարդարապատը", որն արտադրում է ժամում 4500 հատ 1-լիտրանոց հյութի տուփ և "Եվրոթերմ" ընկերությունը, որն արտադրում է մրգային հավելումներ և հյութեր` տարեկան վերամշակելով մինչև 15000 տոննա միրգ:
Կաթնամթերքի և մսամթերքի արտադրություն
Այսօր Հայաստանում կան մոտ 38 կաթնամթերք արտադրող ձեռնարկություններ, որոնք տարեկան արտադրում են մոտ 320 հազար տոննա կաթնամթերք և 22 հազար տոննա պանիր:
Ամերիկյան UMCOR ընկերության ֆինանսական օգնության շնորհիվ Ախուրյանի, Կապանի և Երևանի կաթնամթերքի գործարանները, ինչպես նաև Ապարանի, Գորիսի և Տավուշի պանրի գործարանները պարբերաբար ավելացնում են իրենց արտադրողականությունը: Ռոքֆորյան, նիդերլանդական և շվեյցարական պանրի տեսակների արտադրությունը կրկին վերականգնվել է: Հոլլանդիայի կառավարության կողմից ստացված գրանտը օգտագործվում է Տաշիրի և Ստեփանավանի պանրի գործարանների արդիականացման համար:
Պաղպաղակի արտադրությունը Հայաստանում սկսեց հաջող զարգանալ սկսած 1990-ական թթ.-ից: Այդ ժամանակներից սկսած պաղպաղակի տեղական արտադրությունը փոխարինեց ներմուծմանը:
Անասնաբուծությունը և մսի վերամշակումը Հայաստանում բարելավվեց սկսած1990-ական թթ.-ից: Այսօր այդ ոլորտի 5 մասնավոր ընկերություններ (Գյումրիում, Երևանում, Վանաձորում և Գավառում) աշխատում են ամբողջ հզորությամբ` տարեկան արտադրելով 34 հազար տոննա երշիկ և միս: